Հունիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հասցեագրված նամակիս պատասխանը ստացա հուլիսի 2-ին։ Խնդիրը դիվային զվարճանքի տիրույթում է, հրավառվում են երկիրն ու երկինքը, տագնապում են մարդիկ, տագնապում է բնաշխարհը։ Այս մասին ահազանգում ենք արդեն հինգ տարի։ Եվ հինգ տարի շարունակ պետական կառույցներից ստանում ենք խնդիրը խեղաթյուրող և դրա լուծումը փակուղի տանող պատասխաններ, որոնք բազմիցս հրապարակվել են և քաջ ծանոթ են մեր ընթերցողներին։ Եվ ահա առաջին ծիծեռնակը, որը հույսեր է ներշնչում. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարինե Հայրապետյանը տեղեկացնում է, որ դեռևս 2013-ի մայիսին, ի պատասխան հերթական դիմումիս, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության կարծիքն ու դիրքորոշումը 2013-ի մայիսի 15-ի թիվ ԴԴ/04/5526-13 գրությամբ ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին։ Մինչ նշյալ նամակից անհրաժեշտ մեջբերումներ կատարելը, նշեմ, որ պարոն Դումանյանը միակ նախարարն է, ով անձամբ է փորձել կարգավորել չարաբաստիկ այս խնդիրը։
Ահա մի քանի դրվագ նրա նամակ-գրությունից. «Հրավառության արդյունքում առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է։ Այդպիսի աղմուկը կարող է բնակչության շրջանում առաջացնել սրտանոթային, նյարդային, աղեստամոքսային համակարգերի, ինչպես նաև լսողական ապարատի մի շարք հիվանդություններ»։ Դերենիկ Դումանյանի այս ահազանգից վեց ամիս անց, ստանում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի տեղակալ Տիգրան Գևորգյանի պատասխանը, որը շարունակում է նախորդ բազում պատասխանների ավանդույթը` հարցը խցկելով փակուղի. «Ի պատասխան Ձեր դիմում-առաջարկի, տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական կառավարման մարմիններին հրավառությունների ոլորտը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և առկա օրենսդրական բացերը լրացնելու համար»։ Իսկ ահա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված դիմումիս պատասխանը ստացել եմ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Ա. Կիրակոսյանից, ով հարցը շրջադարձում է, էական ոչինչ չասելով և ակնհայտորեն անտեսելով այն վտանգները, որոնց մասին նշել է պարոն Դումանյանը, և որոնք իրեն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին քաջ հայտնի են։ Անշուշտ, ՀՀ ոստիկանապետն ու մյուս ոստիկանները ինչպես նախկինում (սկսած արցախյան հերոսամարտի օրերից), այնպես էլ այսօր պատրաստ են հանրային, պետական և ազգային շահի պաշտպանությանը, սակայն դարձել են կառավարական ինչ-ինչ օղակների սպասարկուն։ Ի դեպ, միևնույն նամակը, ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ուղարկվել էր նաև ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին։ ԱՆ-ից պատասխանը, ինչպես տեսաք, ստացանք, ոստիկանությունն առայժմ լռում է։ Ինչո՞ւ։
Ցավում եմ, որ խնդրի առնչությամբ էական պատասխան չստացա նաև վարչապետ պարոն Աբրահամյանից, ում գործի մարդ եմ միշտ համարել։
Ինչևէ, մեր հրապարակումները մասնակի հաջողություն ունեցան` խնդիրն առայժմ արմատական լուծում չի ստացել։ Նման դեպքերում ի՞նչ է մնում անել հանրությանը, երբ նրա անդորրը բիրտ ձևով խանգարում են և խաթարում առողջությունը։ Ընդամենը լինել շատ ավելի գործնական, պահանջել, որ պատկան կառույցները լինեն իրենց տեղում և լուծեն խնդիրը։ Ի մասնավորի խորհուրդ եմ տալիս պարբերաբար դիմել նաև ԶԼՄ-ներին, հասարակական կառույցներին և իրավապահներին։ Ի վերջո, հրավառությունների խնդիրը, ներող եղեք, մեր թերթի մենաշնորհը չէ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ